Մինչ մարզասերը եվրոպական թոփ առաջնությունների մեկնարկի սպասումների մեջ է, այդ առաջնությունները ներկայացնող գրանդ ակումբները Չինաստանում ու Ամերիկայում մասնակցում են մրցաշարերի, ընկերական հանդիպումների: Նշենք դրանցից մի քանիսը, որոնք պատիվ կբերեին Եվրոպայի լիգայի փլեյօֆյան փուլին:
«ԲԱՐՍԵԼՈՆ» -«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»՝ 2:1
Ամերիկյան Նյու Ջերսին հյուրընկալել էր «Բարսելոն»-«Յուվենտուս» զույգին: Հանդիպումն անցել է կատալոնյան ակումբի գերազանցությամբ, Բուֆոնի դարպասը երկու անգամ էլ գրավել է Նեյմարը. մեկը` Պակո Ալկասերի հետ «պատ» խաղալուց, մյուսը` փայլուն դրիբլինգից հետո:
«Դա գեղեցիկ շոու էր, որում տեխնիկական տարրերը իրացվեցին բարձրագույն մակարդակով: Մեզ համար դա հրաշալի թեստ էր: Ըստ էության, մենք այս կազմով նույնիսկ չէինք էլ մարզվել, դրա համար էլ միանգամայն նորմալ է, որ հետ ենք մնում մրցակցի պատրաստվածությունից, թեպետ անհատական մակարդակով նկատելի էին դրական պահերը»,- խաղի իր գնահատականում ասել է Մասիմիլիանո Ալեգրին՝ «Յուվեի» գլխավոր մարզիչը:
«Սա առաջին խաղն էր ու բավականաչափ դժվար: Իհարկե, դժվար է դիմակայել` չլինելով մարզավիճակի գագաթնակետում: Ամբողջության մեջ մենք գոհ ենք»,- ասել է «ծեր սինյորայից» միակ գոլի հեղինակ դարձած պաշտպան Ջորջո Կելինին:
Խաղի կապակցությամբ ու առհասարակ արդյունքի առումով իր գոհունակությունն է հայտնել Լուիս Սուարեսը: Նշենք, որ կատալոնցիների կազմում նորամուտն է նշել «Բենֆիկայից» այս տրանսֆերային պատուհանում գնված Նելսոն Սեմեդան:
«ՊԱՐԻ ՍԵՆ ԺԵՐՄԵՆ»-«ՏՈՏԵՆՀԵՄ»՝ 2:4
Ֆրանսիայի ու Անգլիայի արծաթե մեդալակիրների մրցակցությունն ավելի քան դիտարժան ստացվեց, առանձնանալի էր ոչ միայն փայլուն կոմբինացիաներով, այլև գեղեցիկ գոլերով: Ամենայն պատասխանատվությամբ կարելի է ասել, որ ամերիկյան Ֆլորիդայի հանդիսատեսն ականատես եղավ բարձր մակարդակի ֆուտբոլի:
Արդեն առաջին խաղակեսից հետո լուսատախտակի վրա 2:2 թվերն էին: Ֆրանսիացիներից աչքի էին ընկել Էդիսոն Կավանին ու Խավիեր Պաստորեն, անգլիացիներից՝ Քրիստիան Էրիկսենն ու Էրիկ Դայերը: Երկրորդ խաղակեսում գոլեր հեղինակեցին միայն մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչները (Թոբի Ալդերվեյրելդ, Հարի Քեյն):
Միջանկյալ նկատենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանում «Տոտենհեմը» բացարձակապես ակտիվությամբ աչքի չի ընկնում, ինչն ինչ-որ առումներով մի փոքր էլ զարմանալի է: Իհարկե, որոշակիորեն դժվար է հավատալ, թե կազմը թարմացնելու բավականաչափ գումարներ չունի թիմը, թեպետ մյուս կողմից էլ սա հավասարապես կարող է նշանակել, որ Մաուրիսիո Պաչետինոն խորապես հավատում է իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին ու նրանց հնարավորություններին: Միաժամանակ նկատենք, որ «Տոտենհեմը» պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ կազմն ունեցող թիմերից է:
Խաղավարտից հետո Պաչետինոն ի մասնավորի ասել է, որ չնայած հանդիպման ընկերականի կարգավիճակին, նման հաղթանակները անհրաժեշտ են թիմում ճիշտ հոգեբանություն ձևավորելու խնդրում. «Հաղթելը հաճելի սովորույթ է: Իհարկե այսօրվա խաղում գերապատվությունները միանգամայն այլ էին, սակայն հաղթելը միշտ էլ հաճելի է: Մեզ անհրաժեշտ է պահպանել նախորդ մրցաշրջանի վերջում հայտնված հաղթողի հոգեբանությունը»:
Չնայած ֆրանսիացիների համար վիրավորական հաշվին՝ ֆրանսիացիների կիսապաշտպան Անխել դի Մարիան ընդգծել է, որ չի կարելի կենտրոնանալ պարտության վրա, որ եղածն ընդամենը ընկերական հանդիպում էր:
«ՌԵԱԼ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»՝ 1:1 (1:2)
Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում Կալիֆոռնիայի «Լևայս» մարզադաշտում մրցել են «արքայականն» ու Ժոզե Մոուրինյոյի սաները: Առաջին խաղակեսի ավարտին մոտ Ջեսի Լինգարդն առաջ է մղել մանչեստրցիներին, սակայն երկրորդում մադրիդցիները կարողացել են վերականգնել հաշվի հավասարությունը (տասնմեկմետրանոցն իրացրել է Կասեմիրոն) ու բանը հասցնել հետխաղյա տասնմեկմետրանոցների, որոնց իրացման հարցում հավասարապես անհաջողակ են եղել երկու թիմերն էլ: Ի վերջո, շնորհիվ նաև Հենրիխ ՄԽիթարյանի հաջող իրացրածի, «Մանչեստր Յունայթեդը» սուպերգավաթի խաղարկությունից առաջ հաղթանակի հասավ ահեղ մրցակցի նկատմամբ, թեպետ սուպերգավաթի խաղարկությունում մենք որակապես այլ պատրաստվածություն ունեցող «արքայականի» ականատես կլինենք:
«ՉԵԼՍԻ»-«ԱՐՍԵՆԱԼ»՝ 3:0
Պեկինում կայացած ընկերական այս խաղում համոզիչ է եղել Անգլիայի նորընծա չեմպիոնի առավելությունը: Ցավոք, այս մրցակցությունում վնասվածք է ստացել Պեդրո Ռոդրիգեսը; Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել էր, որ բուժզննումից հետո ֆուտբոլիստը Սինգապուրում կմիանա թիմին, սակայն «Չելսիի» հարձակվողին հարկ է եղել դադարեցնել մասնակցությունը մրցագայությանն ու շուտափույթ վերադառնալ Լոնդոն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ